BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Համակարգը զարգանում է, անշարժ գույքի շուկան՝ ոչ

Համակարգը զարգանում է,  անշարժ գույքի շուկան՝ ոչ
26.05.2015 | 01:01

«Այո, անցած տարի ներկայացրել էի իմ անձնական տեսակետը և պետք է ասեմ, որ այս տարվա սկզբից մինչ օրս անշարժ գույքի շուկայում գների բարձրացում չի եղել։ Օրինակ, Երևանի կենտրոնում դինամիկան զրոյական է, իսկ Նուբարաշենում գներն ավելացել են 1,1 %-ով»,- ասաց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, երբ հարցրինք՝ արդյոք արդարացա՞վ անցած տարեվերջին արած իր կանխատեսումը, ըստ որի, անշարժ գույքի շուկայում գների բարձրացում տեղի չի ունենա։
Մարտին Սարգսյանը լրագրողներին ըստ ոլորտների ներկայացրեց 2014-ի մայիսից 2015-ի մայիս ընկած ժամանակահատվածում կոմիտեի արածն ու չարածը. «Այս տարվա գրեթե հինգ ամիսների ընթացքում հավաքագրվել է 1 մլրդ 131 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ պակաս է 17 %-ով։ Պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 279 մլն 532 հազար դրամ, որը տարեկան նախատեսվածի համեմատ նվազել է 15,5 %-ով»։ Պետք է ենթադրել, որ նվազումը պայմանավորված է առաջին հերթին անշարժ գույքի շուկայի ստատիկ վիճակով։ Այն, որ աշխուժացում այս շուկայում չի նկատվում, վկայում են նաև անշարժ գույքի անփոփոխ գները։ Ի դեպ, մեր այն հարցին, թե շուկայում գնաճի բացակայությունը պայմանավորված է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի խիստ նվազմա՞մբ՝ Մարտին Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, անշարժ գույքի գները նվազում են գործարքների նվազման հետևանքով»։
Ամփոփելով 2014-ի մայիսից 2015-ի մայիսն ընկած ժամանակահատվածը` կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ կառավարության նախանշած գերակա բոլոր նախագծերն իրականացվել են ամբողջությամբ, դրանց գերակշիռ մասն էլ շարունակական է։ Մասնավորապես ընդգծեց «Հողային ֆոնդի կադաստրային գների և կադաստրի զուտ եկամտի չափի մասին» նախագծով իրականացված միջոցառումները։ Առանձնացրեց մեկ միասնական քարտեզագրումը՝ ՎիՋիԷս-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում։ Այս համակարգի միջոցով նախատեսվում է այս տարի աշխատանքներ իրականացնել Արագածոտնի մարզի 61, Արարատի՝ 27 և Արմավիրի 14 համայնքներում։ Մարտին Սարգսյանն առանձնացրեց նաև ԼՂՀ-ի իրենց գործընկերների հետ համագործակցության ակտիվացումը, սփյուռքահայերի համար օնլայն եղանակով կադաստրի համակարգի ծառայություններից օգտվելու նպատակով ներդրված նոր համակարգը, որը գնալով զարգանում է։ Նկատենք, որ անցած տարվանից կոմիտեն որդեգրել է աշխատողների վերապատրաստման և բուհերի հետ համագործակցության նոր քաղաքականություն, իսկ այս տարվա մայիսին հայաստանյան չորս բուհերի հետ կնքվեցին համապատասխան համաձայնագրեր։
Ի դեպ, նկատենք, որ առաջին անգամ կոմիտեն ձեռնամուխ է եղել ապրիլի 24-ի կապակցությամբ թեմատիկ քարտեզների կազմմանն ու տպագրմանը, որոնք անհատույց տրամադրվում են դպրոցներին։ Ընդգծենք, որ այս քարտեզները հատկապես կարևոր են, քանի որ դրանցում արտացոլված է 1915 թվականի հայոց ցեղասպանության պատմությունը։
Մարտին Սարգսյանը առանձնակի կարևորությամբ շեշտեց քաղաքացիների բարձրացրած խնդիրներին ականջալուր լինելու իր պատրաստակամությունը, նշելով, որ յուրաքանչյուր երկուշաբթի կամ անձամբ ինքը, կամ իր տեղակալները քաղաքացիների ընդունելություն են կազմակերպում։ 2014-ի հունիս-հուլիս ամիսներից էլ կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվում են մարզային այցելություններ, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ փոխհամաձայնեցված մարզային այցելություններին մասնակցում են նաև համայնքների ղեկավարները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ